Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հանդիպում-դասախոսություն Թուրքիայի Istanbul Startup Angels-ի գործընկեր Էմրե Օզբեկի հետ
22.05.2015
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ

Մայիսի 11-ին Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30) անցկացվեց բաց դասախոսություն՝ «Ներդրողների և սկսնակ ձեռներեցների միջև արդյունավետ փոխհարաբերություններ» թեմայով: Դասախոսությունը կարդաց Թուրքիայից ժամանած Istanbul Startup Angels-ի գործընկեր և ներդրող Էմրե Օզբեկը:

 

Թեև Էմրե Օզբեկի հետ հանդիպումն անցկացվեց «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի 3-րդ փուլի շրջանակներում, այն միայն նախագծի մասնակիցների համար չէր նախատեսված, այլ բաց էր բոլոր նրանց համար, ով հետաքրքրված է ձեռներեցությամբ, այդ ոլորտում հարևան երկրի փորձով: Դասախոսությանը ներկա էին նախագծի մասնակից Հայաստանից և Թուրքիայից երեքական սկսնակ ձեռներեցների թիմերի  մոտ 10 ներկայացուցիչներ, շուրջ 30 երիտասարդ ձեռներեցներ, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, լրագրողներ: «Ամեն օր չէ, որ նման նախագծի մասնակցելու հնարավորություն ես ունենում և ես հպարտ եմ, որ այս ամենի մի մասն եմ», - անկեղծացավ Օզբեկը հանդիպման առաջին րոպեներին:  Այնուհետև, շուրջ մեկ ու կես ժամվա ընթացքում նա հայաստանյան լսարանին ներկայացրեց, թե ինչպես են ստեղծվում ներդրողների ցանցերը աշխարհում և Թուրքիայում, ինչպես են վերջիններս որոշումներ կայացնում ներդրումներ կատարելու մասին, որոնք են ֆինանսական և իրավական այն կարևոր գործոնները, որ պետք է դիտարկել ներդրողի և սկսնակ ձեռներեցի հարաբերություններում:

Հաշվի առնելով, որ «հրեշտակ» ներդրողների ինստիտուտը Հայաստանում դեռևս զարգացած չէ, դասախոսության մասնակիցները մի շարք հարցեր ունեին բանախոսին.

 

«Ինչպե՞ս են աշխատում հրեշտակ ներդրողների ցանցերը, ի՞նչ դերակատարություն են ունենում, որտեղի՞ց տեղեկություններ ստանալ վենչուրային կապիտալների մասին, ինչպե՞ս համոզված լինել, որ ճիշտ մարդու՝ իրական ներդրողի հետ ես համագործակցություն սկսել այլ ոչ դրածո միջնորդի», -ահա ինչ էր հետաքրքրում Հայաստանի երիտասարդ ձեռներեցներին: 

 

Ի պատասխան Էմրե Օզբեկը մի շարք պարզաբանումներ և խորհուրդներ տվեց սկսնակ և ապագա ձեռներեցներին՝

 

Հաշվի առեք տարբերությունները՝ հրեշտակ ներդրողները անհատներ են, ովքեր տնօրինում են իրենց իսկ միջոցները, մինչդեռ վենչուրային կապիտալներն ինստիտուցիոնալ ներդրումներ են:

 

Պատրաստեք ձեր բիզնեսը ներդրումների համար և ուսումնասիրեք պոտենցիալ ներդրողներին: Երբեք չգիտեք՝ երբ կհանդիպեք հարուստ, պոտենցիալ ներդրողի. մտքում ձեր բիզնես գաղափարի նախօրոք մշակած ներկայացում ունեցեք և մի մոռացեք հայելու առաջ փորձեր անել:

 
Գրավեք մարդկանց ձեր պատմությամբ, ներկայացումը (presentation) դարձրեք մի պատմություն: Համոզեք մարդկանց օրինակներով և պատմություններով:   

Աշխատեք ձեր հրեշտակ ներդրողի հետ այնպես, ասես դա ձեր համագործակցության հիմնական նպատակն է: Ամբողջությամբ ներգրավեք նրան և դարձրեք ձեր նախագծի մի մասը: Պետք չեն անակնկալներ:

 

Գլոբալ մտածեք: Թեև Հայաստանը 3 միլիոն բնակչություն ունի, իսկ Թուրքիան 80 միլիոն, բայց անգամ դա փոքր շուկա է:

 

Եվ մի մոռացեք՝ ինչպես սթարթափներն են բազմաթիվ, այնպես էլ շատ ներդրողներ կան. կարողացեք ընտրել ձեր բիզնեսի համար ճիշտ ներդրողի: 

 

Դասախոսությունը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Հանրային լրագրության ակումբի յութուբյան ալիքով: Տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:

 

Էմրե Օզբեկը ներդրող և խորհրդատու է, Istanbul Startup Angels-ի գործընկեր: Ձեռներեցներին և սթարթափերներին խորհրդատվություն է տրամադրում ռազմավարական, ռիսկերի գնահատման և կառավարման, կորպորատիվ կառավարման ոլորտներում: Խորհրդատվություն տրամադրում է այդ թվում այնպիսի նախագծերի, ինչպիսիք են՝ PricewaterhouseCoopers-ը և Vodafone-ը: Օզբեկը էկոհամակարգի ակտիվ ֆիգուրներից է նաև անձնական համագործակցական կապերի շնորհիվ՝ խորհրդատվական և մարզչային աջակցություն ցուցաբերելով Endeavor-ին, HABITAT-ին, TUBITAK-ին, Startup Bootcamp-ին և Startup Weekend-ին: Օզբեկը միաժամանակ հանդես է գալիս որպես տարբեր սթարթափների, քրաուդֆանդինգների, էներգիայի խելացի կառավարման, ԲԻՈ-պլաստմասսայի և սոցիալական մեդիայի նախագծերի խորհրդի անդամ:

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը մեկնարկել է փետրվարին և ընթացել երեք փուլով: Կարողությունների զարգացման առաջին փուլում (23 փետրվար -23 մարտ, 2015) թիմերի հետ աշխատել են Հայաստանից և Թուրքիայից ընտրված խորհրդատուներ՝ առցանց սեսիաների միջոցով, տեղի է ունեցել կարիքների գնահատում և դրանց ուղղությամբ տարվել են աշխատանքներ: Այնուհետև թիմերի անդամները միավորվել են Հայաստանում՝ քառօրյա արագացված դասընթացի (մարտ 26-29) շրջանակներում: Խորհրդատվության երկրորդ շրջանում  (ապրիլ 2015) թիմերը լրամշակել են իրենց գաղափարները և նախապատրաստվել մայիսի 12-ին ներկայացնելիք ելույթներին (pitches):  

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցությամբ:  Նախագիծը հսմաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Տեսանյութեր
Հաջողակ սթարթափի ճանապարհային քարտեզը. հանդիպում ներդրողի հետ
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր