Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Գրական թարգմանիչների «Հա՛հ» մեկշաբաթյա սեմինար Դիլիջանում
01.06.2017
Հայաստան |
«Հա՛հ» մեկշաբաթյա սեմինարը տեղի կունենա սույն թվականի հունիսի 1-7-ը Դիլիջանում (Հայաստան)։ Սեմինարը կընդգրկի գրական թարգմանիչների մասնագիտական դասընթաց, գործնական պարապմունքներ և ստեղծագործական քննարկումներ։ Թարգմանիչները համատեղ աշխատելու հնարավորություն կունենան սեմինարը վարող երեք հրավիրյալ փորձառու մասնագետների, ինչպես նաև ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի հետ։ Սեմինարի ընթացքում մասնակից թարգմանիչներին կփոխանցվեն գրական թարգմանությանն առնչվող տեսական գիտելիքներ, և գործնականում ալևելահայերեն կթարգմանվի «Հա՛հ» պատմվածաշար-վիպակը։

Աշխատանքային հիմնական լեզուները հայերենն ու թուրքերենն են։

 

Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վիպակը 2014-ի Եվրամիության Գրական մրցանակի դափնեկիրներից է,  տպագրվել է անգլերեն, լեհերեն, հունգարերեն, գերմաներեն, խորվաթերեն և թարգմանվում է ևս ինը լեզվով։ Անգլերեն տարբերակը տաս գրական թարգմանչի և հեղինակի համատեղ աշխատանքի արդյունքն է, որն իրականացվել է թուրքական գրականության թարգմանիչների «Ջունդա» միջազգային սեմինարի շրջանակներում։ Որոշ իմաստով Հայաստանում նախատեսված սեմինարը Ջունդայի մոդելի տեղական կիրառումն է։

 

«Հա՛հ»-ը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երիտասարդ կնոջ հոգևոր ճամփորդության պատմությունն է։ Կուռ, անխոնջ ստեղծագործականությամբ դրոշմված, փոթորկի պես ճայթուն գրքի ամեն մի պատումը ազդու խորհրդածություն է վշտի թեմայով, հափշտակող մտապատկերների ոգեկոչում, ապշեցուցիչ դրամատիկ տրամադրությունների՝ զայրույթի, սիրո, հիասթափության, քմայքի, քնքշանքի և կարոտի հերթագայություն։ Սա մոգական գիրք է կյանքը փոփոխող այն հայտնությունների մասին, որոնք վիճակվում են ամեն մի վշատահար մարդու, թե՛ կյանքը, թե՛ մահը փառաբանող գիրք:

 

Սեմինարի հիմնական վարող

Արոն Աջի (Թուրքիա - ԱՄՆ) - գրական թարգմանիչ, թարգմանության տեսաբան։ Ամերիկայի գրական թարգմանիչների միության նախագահն է և Այովայի համալսարանի գրական թարգմանությունների բաժնի ղեկավարը։ Թուրքերենից անգլերեն է թարգմանել Բիլգե Քարասուի, Մուրաթան Մունգանի, Էլիֆ Շաֆաքի, Լաթիֆե Թեքինի և մի շարք այլ անվանի գրողների գործեր։ Բիլգե Քարասուի «Գաղթած կատուների այգին» գրքի թարգմանության համար արժանացել է ԱՄՆ ազգային թարգմանական մրցանակի։ Պոեզիայի թարգմանություն, վերաթարգմանություն և ընդհանուր թարգմանության տեսություն է դասախոսում, ինչպես նաև ժամանակակից թուրք գրականություն։

 

Սեմինարի վարող

Ալեքս  Դո (ԱՄՆ-Թուրքիա) - գրական թարգմանիչ։ 2006-ից ի վեր անգլերեն է թարգմանել ավելի քան մեկ տասնյակ թուրք հեղինակների, այդ թվում՝ Սաիթ Ֆաիք Աբասըյանըքի, Ահմեթ Համնդի Թանփընարի, Էջե Թեմելքուրանի և այլոց գործերը։ 2010-ին «Փեն» միջազգային գրական կազմակերպության թարգմանական դրամաշնորհին է արժանացել Թամփընարի պատմվածքների թարգմանության համար։ Մորին Ֆրիլիի հետ նրա թարգմանած երկրորդ գիրքը  2016-ին հրատարակել է Penguin հեղինակավոր հրատարակչությունը։ Գրականությամբ զբաղվելուց զատ, պրոֆեսիոնալ կիթառահար է և կինոդերասան։ Բնակվում է Ստամբուլում։

 

Սեմինարի վարող

Զավեն Բոյաջյան  (Հայաստան) - գրական թարգմանիչ, խմբագիր։ Հայերեն է թարգմանել մի շարք աշխարհահռչակ գրողների, այդ թվում՝ Վիլյամ Սարոյանի, Հենրի Միլերի, Վլադիմիր Նաբոկովի, Ռեյ Բրեդբըրիի և այլոց նշանային գործեր։ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպի թարգմանության համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին։ Հայերեն է թարգմանում յոթ եվրոպական լեզուներից։ Գրականությամբ զբաղվելուց բացի, անվանի կինոգետ է։ Շուրջ քսան տարի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ վարել է համաշխարհային կինոյին նվիրված «Ութ ու կես» հեղինակային ծրագիրը։

 

Հեղինակ

Բիրգյուլ Օղուզ (Թուրքիա) - արձակագիր։ Անգլիական գրականության մասնագետ է, թեկնածուական թեզ է գրում Բողազիչի համալսարանում։ Գրականություն է դասավանդում Ստամբուլի արվեստի մի շարք անկախ կենտրոններում։ 

Վայր
Օրացույց
Օգոստոս
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ