Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստանը ներկայացնող սթարթափ ընկերություններն առաջին անգամ մասնակցեցին «StartupIstanbul» հեղինակավոր ֆորումին եւ մրցույթին` հասնելով մինչեւ եզրափակիչ փուլ
08.10.2016
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

2016 թ. հոկտեմբերի 6-10-ը Հայաստանը ներկայացնող 10 սթարթափերի ներկայացուցիչներ բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցելու «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին եւ մրցույթին՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան)  եւ ՏԵՊԱՎ (Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը) (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով:   

Հայաստանից երկու սթարթափեր՝ Skycryptor-ն ու Earlyone-ը, միջոցառման հեղինակավոր մենթորների կողմից ընդգրկվեցին լավագույն 50-ի ցանկում և հոկտեմբերի 8-ին բեմից իրենց գաղափարները ներկայացրեցին ներդրողներին:

 

Skycryptor նորաստեղծ ընկերության հիմնադիր Արամ Ջիվանյանը հաղթահարեց մրցույթի բոլոր փուլերը եւ հայտնվեց լավագույն 15 սթարթափերի շարքում` հոկտեմբերի 10-ին, եզրափակիչ փուլին  ավելի քան 4000  հյուրերին ներկայացնելով գաղափարն ու սթարթափը: Արամ Ջիվանյանը, ով կարևորում է միջոցառումը գործարար կապերի, խորհրդատվության և համագործակցության նոր ճանապարհների բացման առումով, ասաց. «Ես արդեն բիզնես կապեր եմ հաստատել այն անձանց հետ, որոնց հետ ցանկանում էի համագործակցություն ստեղծել»:



StartupIstanbul-ի կազմակերպիչ, թուրքական աքսելերատոր եւ ներդրումային Etohum կազմակերպության հիմնադիր Բուրակ Բույուկդեմիրը տպավորված է մրցույթին մասնակից հայկական սթարթափերով: «Հայաստանյան սթարթափերի մրցույթին մասնակցությունն ու եզրափակիչում հայտնվելը ոգևորիչ կարող է լինել նաև այլ սթարթափերի համար,- ընդգծում է Բուրակը: «StartupIstanbul»-ը կամուրջ է ձեռներեցների համար` հնարավորություն տալով նրանց հանդիպելու ինչպես ներդրողների, այնպես էլ մենթորների հետ և ծանոթանալու գլոբալ հնարավորություններին»:

 

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը նշում է, որ հայաստանյան սթարթափերը համաշխարհային ու միջազգային մրցույթներում եւ էքսպոներում մասնակցելու սահամանափակ փորձ ունեն: Այդպիսի միջոցառումներին մասնակցությունը նախ եւ առաջ ֆինանսական ներդրումներ է պահանջում, ինչի հնարավորությունը մեր սթարթափերը հաճախ չունեն, բացի այդ, ֆինանսական հնարավորության առկայության դեպքում սթարթափերը դեռ պետք է ընտրության փուլ էլ անցնեն: 

 

«StartupIstanbul»-ի հետ մեր բանակցությունների շնորհիվ մենք կարողացանք ապահովել Հայաստանից 10-ը սթարթափի լիարժեք մասնակցությունը, թե’ էքսպոյին, թե’ մենթորության դասընթացներին ու դասախոսություններին: Ավելին, երկու սթարթափեր Հայաստանից մասնակցեցին մրցույթին և մրցեցին տարբեր երկրների ընկերությունների հետ: Ինքնին մասնակցությունն այս միջազգային ֆորումին արդեն մեծ փորձ էր, իսկ մրցույթում ընգրկվելը՝ համաշխարհային ներդրումային միջավայրից օգտվելու իրական  հնարավորություն»: 

ՏԵՊԱՎ-ի (Թուրքիա) նորարար ծրագրերի քաղաքականության վերլուծաբան Ջանսու Սարաչը տպավորված է գրանցված արդյունքից: «Մեր նպատակն էր, որ հայկական 10 ընտրված սթարթափերը կապեր հաստատեին միջազգային տարբեր ներդրողների հետ»:



«StartupIstanbul» -ը յուրահատուկ է իր ձեւաչափով. այն ներառում է դասախոսություններ, թեմատիկ քննարկում-բանավեճեր, ներկայացումներ եւ տեղեկատվական հանդիպումներ ճանաչված ներդրողների, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների, լրագրողների ու ՏՀՏ եւ միջազգային  ներդրումային դաշտը ներկայացնող մասնագետների հետ, ստեղծելով նաեւ հնարավորություն՝ կապեր հաստատելու Եվրոպայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, եւ այլ երկրներից ժամանած ներդրողների ու ՏՀՏ ոլորտի առաջատարների հետ: Այս ամենին զուգահեռ ընթանում է նորաստեղծ ընկերությունների էքսպո-ցուցահանդես, որտեղ յուրաքանչյուր սթարթափ ունի իր տաղավարը:

 

Հայաստանի պատվիրակությունը «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին ներկայացել էր հետևյալ ընկերություններով

  1. Heltun - «խելացի» տան կառավարման համակարգեր
  2. Skycryptor – ամպային տվյալների անվտանգություն
  3. LiTech – լուսավորության նորարար տեխնոլոգիաներ
  4. HY Pictures - ինտերակտիվ գրաֆիկական պատմվածքներ
  5. Bookoholics –  բջջային հավելված գրքասերների եւ ծանոթության համար
  6. Earlyone – հերթերի առցանց համակարգերի կառավարում
  7. HurryApp – կազմակերպություններին նոր հաճախորդներ բերող մարքեթինգային ստեղծարար գործիք
  8. DressZone – կանանց համար իրենց զգեստների վարձույթի  միջոցով գումար խնայելու և վաստակելու առցանց համակարգ
  9. FortuneCup – բախտագուշակների հետ իրական կապ հաստատող բջջային հավելված
  10. ArmNomads - խաղերի ծրագրավորում 


 

Սեդա Մուրադյանը կարևորում  է գործընկեր ՏԵՊԱՎ-ի հետ 2013-ից սկսած  Հայաստան-Թուրքիա «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի շարունակությունը: ՀԼԱ-ն և ՏԵՊԱՎ-ը նախորդ տարիներին համատեղ կազմակերպել են փոխայցելություններ եւ դասընթացներ  ՏՀՏ ոլորտի ձեռներեցների համար, որոնց շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները ճանաչել ու բացահայտել են Հայաստանի ու Թուրքիայի այդ դաշտերի հնարավորությունները, տարբերություններն ու առավելությունները: «StartupIstanbul»-ին մեր մասնակցությունն ամրապնդեց մեր նախկինում կատարած աշխատանքը»,- հավելում է նա:

 

Հանրային լրագրության ակումբը «StartupIstanbul»-ին ընդառաջ մասնակիցների համար անցկացրել էր նախապատրաստական երկու վարպետության դասընթաց` «Կատարելագործելով գաղափարների ներկայացման հմտությունները» և «Բիզնես բանակցություններ և միջմշակութային հաղորդակցության հմտություններ» թեմաներով:

 

Այս տարի հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումին  135 երկրից դիմել էին 24.646 սթարթափեր, որոնցից միայն շուրջ  500-ը  մասնակցեցին միջոցառմանը: Այդ 500 սթարթափերի շարքում ընտրվել էին նաեւ Ձեռներեցների փոխայցելություն նախագծի մասնակից  հայաստանյան 10-ը ընկերությունները: Նախագիծը մասն է կազմում  «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական միությունը:

 

 



Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր