Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստան-Թուրքիա. ՏՀՏ ոլորտի ներդրողների, ինկուբատորների եւ աքսելերատորների ներկայացուցիչների կապերի խթանում
12.07.2017
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Որպես շարունակություն մայիսին Երեւանում տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում» միջոցառմանը՝ Հանրային լրագրության ակումբը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) հետ համատեղ գործարար կապերի հաստատման նպատակով նախաձեռնում է հանդիպումներ հայաստանյան վենչուրային հիմնադրամների, սթարթափների ինկուբատոր ընկերությունների ներկայացուցիչների եւ Ստամբուլում տեղակայված վենչուրային հիմնադրամների, հրեշտակ ներդրողների համայնքի եւ ինկուբացիոն կենտրոնների ներկայացուցիչների միջև: Գործարար կապերի խթանմանն ուղղված հանդիպումները տեղի կունենան Ստամբուլում 2017թ.-ի հուլիսի 20-21-ը՝ նպատակ ունենալով Հայաստանի և Թուրքիայի զարգացող հրեշտակ ներդրողների համայնքների միջև փորձի փոխանակման և կապերի հաստատման ավելի լայն հնարավորություններ ստեղծել:
 
Մի կողմից նպատակ ունենալով զարգացնել համագործակցության մշակույթը եւ առավելագույնս օգտագործել Հայաստանի սթարթափ ներուժը, մյուս կողմից նկատի ունենալով Թուրքիայի հսկայական ներդրումային կարողությունները՝ պատվիրակությունը կունենա ճանաչողական այցեր եւ անհատական հանդիպումներ Ստամբուլի մի շարք ամենահաջողված և ակտիվ հրեշտակ ներդրողների ցանցերի եւ ինկուբացիոն կենտրոնների հետ, ինչպիսիք են՝ «Koc Incubation Center»-ը, «Galata Business Angels»-ը, «BIC Angels-»ը, «212 VC», «Revo Capital»-ը, «Istanbul Startup Angels»-ը և այլն: Հայաստանյան պատվիրակության կազմում են՝
  • Աշոտ Արզումանյան՝ SmartgateVC-ի գործընկեր
  • Խեսուս Լոսանո՝ Ձեռնարկատեր, Silicon Seeds
  • Արեգ Գևորգյան՝  Բիզնեսի զարգացման ղեկավար «Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների» կենտրոնում
  • Արամ Քեռյան՝ Գործառնական ղեկավար Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռնարկատիրության եւ արտադրության նորարարության կենտրոնում (EPIC), նաև դասավանդում է մի քանի առարկա Գիտության եւ ինժեներության ֆակուլտետում
 

Ճանաչողական այցելություններից բացի հուլիսի 20-ին կանցկացվի իր տեսակով բացառիկ ընդունելություն-երեկույթ՝ ուղղված Հայաստանից և Թուրքիայից ներդրողների կապերի խթանմանը, որին կմասնակցեն Ստամբուլում գործող վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ, հրեշտակ ներդրողներ, ինչպես նաեւ տեղացի ստամբուլահայ ազդեցիկ գործարարներ եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն կունենան իմանալ ավելին ՏՏ ոլորտում հայաստանյան ներդրումային միջավայրի մասին, ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները Հայաստանում, ինչն էլ իր հերթին հնարավորություն կընձեռի հետագա հնարավոր ներդրումների համար դիտարկել հայկական ՏՀՏ էկոհամակարգը: Հայաստանի պատվիրակները հանդես կգան համառոտ ելույթներով՝ Հայաստանի նորարարական եւ ձեռնարկատիրական էկոհամակարգի, դրա առաջխաղացման եւ ապագայի, ինչպես նաեւ Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ:
 
Նախաձեռնությունը իրականացվում է  Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) կողմից՝ որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղությանը և կայունության հաստատմանը, ժողովրդավարական բազմակարծությանը, ինչպես նաև սոցիալական ներգրավվածությանը հասարակությունների միջև և ներսում: 
 
ՀԼԱ-ի մասին
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին: Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը: 
ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը: Մենք ակնկալում ենք ավելի ժողովրդավարական, բարգավաճ եւ կայուն Հայաստան, որը խրախուսում է սոցիալական ակտիվությունը եւ նպաստում է ավելի համագործակցային, կրթված եւ մրցակցային հասարակության ստեղծմանը:

ՏԵՊԱՎ-ի մասին
«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր