Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Կղզի՝ կղզու մեջ․ Թուրքիայում գտնվող հայ միգրանտների կրթական կարիքների գնահատում
12.02.2016
Հայաստան, Թուրքիա |

Թեպետ Հայաստանի միգրացիոն պոտենցիալի համար ամենագրավիչ երկիրը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, սակայն անկախության տարիներից սկսած նկատվում են որոշակի միգրացիոն հոսքեր դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Ստամբուլ: Սակայն այն պատճառով, որ այս ուղղությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում հայ միգրանտների համար ցանկալի համարվող վերջնակետ երկրների շարքում, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը որևէ տվյալներ նախկինում չի հավաքագրել: Մինչդեռ հայ-թուրքական բացակայող դիվանագիտական հարաբերությունների պայմաններում հայ միգրանտները մատնված են լիակատար մոռացության և այս ուղղությամբ հետազոտություններ գրեթե չեն արվում. վերջինն արված է 2009թ.:

 

Այս հետազոտությունը ինչ-որ կերպ լցնում է այն դատարկությունը, որ կա հայ միգրանտների կեցության և կարգավիճակը ներկայացնող գրականությունում: Նպատակ ունենալով բացահայտել հայ միգրանտների կրթական կարիքները՝ հետազոտությունը տեղեկատվություն է պարունակում նաև նրանց տարիքի, սեռի, սոցիալական կարգավիճակի, Հայաստան վերադառնալու նպատակների և այլ վիճակագրական տվյալների մասին:

Հետազոտության հիմնական նպատակն է գնահատել հայ միգրանտների կրթական կարիքներն ու հասկանալ, թե որտեղ կարելի է այդ կարիքները հասցեագրել ու հասնել փոփոխությունների:

 

Հետազոտությունը ծավալվում է հետևյալ հարցերի շուրջ.

  1. Նկարագրել Ստամբուլում ապրող Հայաստանի քաղաքացիների կենցաղն ու խնդիրներն ամբողջացնող պատկերը՝ կենտրոնանալով հիմնականում 2010թ. այս կողմ արձանագրված միտումների վրա, քանի որ 15 կամ 1-2 տարի առաջ Ստամբուլ գնացած հայերը միմյանցից տարբերվում են:
  2. Հայ միգրանտների կրթական կարիքների գնահատման միջոցով ցույց տալ, թե կոնկրետ ինչպիսի նախաձեռնության միջոցով կարելի է հասնել իրավիճակի փոփոխության:

Հետազոտությունում հայ միգրանտները դասակարգված են չորս խմբի. ա) միայնակ կանայք, որոնց ընտանիքները գտնվում են Հայաստանում և նրանք Ստամբուլում աշխատելով՝ հոգում են իրենց ընտանիքների կարիքը, բ) ամուսնացած կանայք, որոնք Ստամբուլում են իրենց ամուսինների հետ, գ) տղամարդիկ և երեխաներ,  դ) մարմնավաճառներ և թրաֆիքինգի զոհեր: Սույն ուսումնասիրության թիրախը ա) և բ) խումբը ներկայացնող կանայք են:

 

Ըստ հետազոտության արդյունքների՝ Թուրքիայում գտնվող հայ միգրանտների թիվն ընկած է մինչև 10 000 մարդու շրջակայքում: Այս թվի համար եզրակացության հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որը Հայաստանի անկախության օրերից մինչև այժմ երկիրն անվերադարձ լքել են մոտ 1 մլն 300 հազար մարդ, իսկ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ դեպի Թուրքիա միգրացիոն ուղղությունը 0.4 տոկոս է, և հետևաբար՝ 5200 մարդ: Նկատի ունենալով սխալի գործակիցն ու հանգամանքը, որ շատ մարդիկ սահմանը կտրում են առանց հաշվառվելու, հեղինակը կարծում է, որ հայ միգրանտների թիվը Թուրքիայում տատանվում է 10 000-ի ներքին սահմանում:

 

Հարցաշարում ընդգրկված են եղել նաև հարցեր, որոնք ուղղված էին պարզելու հայ միգրանտների հարաբերությունները թուրքերի, պոլսահայերի և ընդհանուր առմամբ, գործատերերի հետ: Հարց է եղել նաև Ցեղասպանության մասին, և հետազոտական նյութից կարելի է եզրակացնել, որ Թուրքիայում երկար տարիներ ապրելու ընթացքում հայ միգրանտների պատկերացումն ու ընկալումը Ցեղասպանության մասին փոխվել է: Ու թեպետ, որոշ գլուխներում վերոնշյալ հարցերի վերաբերյալ մակերեսային հղումներ արվում են, սակայն ժամանակի և միջոցների սղության պատճառով տեքստում այդ մասն ընդգրկված չէ՝ տեղ թողնելով նոր ուսումնասիրության համար, և ըստ այդմ, սույն հետազոտությունը վերաբերում է միայն միգրանտների համար կենսական նշանակության պրակտիկ և կիրառական հարցերին:

 

Հետազոտության վերնագրում ընդգրկված՝ «Կղզի կղզու մեջ» արտահայտությունը ուղղակի հղում է երկու համայնքների՝ պոլսահայ և հայաստանցի հայերի միջև գոյացած խորն անջրպետի, որը միգրանտներից մեկը բնորոշեց որպես «կղզի կղզու մեջ»:

 

Հետազոտական նյութը թույլ է տալիս անելու հետևյալ եզրակացությունը. Ստամբուլում գտնվող hայ աշխատանքային միգրանտներին վերաբերող իրավիճակը մինչև 2010թ. և դրանից հետո որոշակիորեն փոխվել է, ու այդ փոփոխությունը կարող է արտահայտվել երեք ցուցիչով.

 

1. Միգրանտների հոսքը Հայաստանից պակասում է, և ընդակառակը՝ նկատվում է  Թուրքիան լքելու միտում, որն ունի մի քանի պատճառներ.

 

  • Թուրքիայում միգրացիոն քաղաքականության բացակայության պատճառով՝ կանոնավոր միգրանտ լինելը շատ դժվար է, ու շատ միգրանտներ հարցազրույցներում նշել են, որ իրենք շատ հեռու են սոցիալական սանդուղքում այն նույն տեղը զբաղեցնելու հնարավորությունից, ինչին հասել է իրենց այս կամ այն բարեկամը/ծանոթը Եվրոպայում կամ Ռուսաստանում: Նրանք նշում են, որ այն, ինչին մարդիկ հասել են Եվրոպայում 5 տարում(կացության իրավունք, կանոնավոր աշխատանք) իրենք չեն կարողացել հասնել նույնիսկ տասը տարում:
  • Լինելով ազգայնական մահմեդական երկիր, որտեղ պոլսահայ համայնքն ինքն իրենով չի կարող սոցիալական սանդուղքով շատ վեր բարձրանալ, այսպիսով այն անհաղթահարելի խոչընդոտ է հայ միգրանտներից նրանց համար, որոնք իրենց կենսափորձն ու մասնագիտական հմտությունները կուզենային զարգացնել Հայաստանից դուրս: Թուրքիան հայ միգրանտների համար ցանկալի երկրների շարքում զբաղեցնում է 1.1 տոկոս, երբ ԱՊՀ երկրների համար այդ ցուցիչը 87.5 տոկոս է: Սակայն, քանի որ Եվրոպա կամ ՌԴ գնալը ավելի երկարաժամկետ հեռանկար է ու նաև անհրաժեշտ են որոշակի ֆինանսական ներդրումներ, իսկ Թուրքիա գալու համար պահանջվում է ընդամենը 60 դոլար, ինչպես նաև կա տնայնագործ աշխատանքի պահանջ(տան մաքրություն, ծեր/հիվանդ/երեխայի խնամք և այլն), Ստամբուլ գալիս են հիմնականում կանայք, որոնք հրատապ ֆինանսական խնդիր ունեն լուծելու: Կարելի է ասել, որ Հայաստանի աշխատանքային միգրացիոն պոտենցիալից Թուրքիա գալիս է միջինից ցածր կամ միջին խավի ներքին շրջակայքում գտնվող շերտը, որի համար հրատապ ֆինանսական խնդիր լուծելու ամենակարճ և արագ ճանապարհը Թուրքիան է:
  • Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում բոլոր վերջնակետ երկրներն ուսումնասիրվել են, ու հայ միգրանտները գիտեն, թե որտեղից ինչ կարելի է սպասել: Հետևաբար, նրանք, որոնք Թուրքիա եկել էին կարճաժամկետ ծրագրով`[1]  կոնկրետ պարտքեր մարելու կամ տուն գնելու համար գումար վաստակելու,  իրենց նպատակին հասնելուց հետո գնում են Հայաստան: Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներն ու ոչ ֆորմալ «աշխատանքային օֆիսների» տերերը փաստում են, որ Հայաստանից եկող հոսքը հնարավոր չէ համեմատել մի քանի տարի առաջվա հոսքի հետ, փոխարենը Ստամբուլից արտահոսք կա դեպի Հայաստան:

 

2. Կանոնավոր միգրանտների թիվը գնալով աճում է. հետազոտության արդյունքներով՝ հարցման ենթարկվածների 50 տոկոսը կանոնավոր           միգրանտներ են. սա 2009թ. համեմատությամբ իրավիճակի կտրուկ փոփոխություն է, երբ կանոնավոր միգրանտները կազմել են հարցվածների ընդամենը 4 տոկոսը: Այս փոփոխությունը հիմնականում արդյունք է 2014թ. ապրիլից Թուրքիայում գործող «Օտարեկրացիների և միջազգային պաշտպանության մասին» օրենքի ընդունման, որը թեպետ բազմաթիվ սահմանափակումների, այդուհանդերձ հնարավորություն է տալիս կացության իրավունք ձեռք բերել, որը նախկինում չի եղել: Հայ միգրանտները՝ օգտվելով իրենց գործատերերի՝ պոլսահայ կամ թուրք քաղաքացիների հետ ունեցած լավ հարաբերություններից, կարողանում են ձեռք բերել մեկ տարով տրվող կացության իրավունք:

 

3. Նկատվում է Թուրքիայում հաստատվելու և Հայաստան չվերադառնալու միտում: Սա արդյունք է ընտանեկան միգրացիայի և նույնպես նոր երևույթ է, որովհետև 2009թ. անցկացված հետազոտությունում հարցվածների 95 տոկոսն ասել է, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, մինչդեռ սույն հետազոտության շրջանակներում հարցվածների միայն 60 տոկոսն են Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնել: Միևնույն ժամանակ, այդ 60 տոկոսից 30 տոկոսն ասել է, որ թեպետ իրենց տեսլականը Հայաստանն է, սակայն դա իրենց համար շատ հեռավոր գաղափար է, ու մոտ ապագայում նրանք Հայաստան վերադառնալու պլաններ չունեն: Այս պատկերը հասկանալու համար պետք է նկատի ունենալ մի քանի հանգամանքներ.

 

  • Տեղի է ունենում ընտանեկան միգրացիա, քանի որ եթե Ստամբուլի հայ միգրանտ համայնքի մի մասը հետ է վերադառնում, ապա մի մասն էլ երկար տարիների ընթացքում կարողանալով հաստատվել և կապեր ձեռք բերել, Ստամբուլ է տեղափոխում իր ընտանիքի անդամներին: Այս միտումն ուղղակիորեն կապված է կանոնավոր միգրանտների աճի հետ, քանի որ եթե ընտանիքը Ստամբուլում երկարաժամկետ հաստատվելու նպատակ ունի, նա անպատճառ փնտրում է կանոնավոր միգրանտ դառնալու տարբերակը:
  • Հայաստանում տնտեսական վիճակը չի բարելավվում, իսկ այն կանայք, որոնք այստեղ մնացել են տարիներով, եթե անգամ ունեցել են որոշակի մասնագիտություն, ապա ժամանակի ընթացքում կատարելով պարզ ֆիզիկական աշխատանք, կորցրել են իրենց աշխատանքային հմտությունները և հայկական աշխատաշուկայում մրցունակ չեն:
  • Երկար տարիներ ապրելով Թուրքիայում, հետ վերադառնալիս միգրանտները կարիք ունեն իրենց հայրենիքում վերաինտեգրվելու և վերահաստատվելու, իսկ քանի որ Թուրքիան հայ միգացիոն պոտենցիալի համար առաջնային նշանակության երկիր չէ, Հայաստանում չկան Թուրքիայից հետ վերադարձող միգրանտներին վերաբերվող վերաինտեգրող ծրագրեր:
  • Միջմարդկային հարաբերությունների մակարդակը նույնպես կարևոր է հասկանալու համար հետ չվերադառնալու միտումը, որովհետև շատ միգրանտներ երկար տարիներ Ստամբուլում ապրելուց հետո նշում են, որ Հայաստանում մարդկանց՝ միմյանց հետ վերաբերվելու մշակույթն ավելի ցածր մակարդակում է, քան Թուրքիայում:

Միգրանտների կրթական կարիքների գնահատման արդյունքում բացահայտվել է, որ կարճաժամկետ կտրվածքով նրանք որևէ կրթական կարիք չունեն, և նրանց առաջնային խնդիրը բարձր աշխատավարձով աշխատանք գտնելն ու գումար վաստակելն է: Սակայն երկարաժամկետ հեռանկարում նրանք որոշակի գիտելիք ստանալու և ինֆորմացիայի կարիք ունեն: Մասնավորապես առաջ է եկել միգրացիոն ռեսուրս կենտրոն ստեղծելու գաղափար, որն ուղղված կլինի միգրանտների տարբեր խնդիրների լուծման սպասարկմանը:

 

 



[1]Թուրքիան երկարաժամկետ հեռանկարով երբեք վերջնակետ երկիր չի համարվել հայերի համար։

Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ