Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Ամառային Դպրոց - “Yavaş-Gamats 2016”/«Յավաշ-Կամաց2016»
02.06.2016
Թուրքիա | Քաղաքացիական ասամբլեա

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Թուրքիայի, Ստամբուլ եւ Վանաձորի գրասենյակները հայտարարում են «Յավաշ-կամաց 2016»[1] ամառային դպրոցի մասնակցության մրցույթ Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդների համար, որն ուղղված է երկու երկրների հասարակությունների միջեւ խաղաղության եւ վստահության կառուցմանը: «Յավաշ-կամաց 2016» ամառային դպրոցը տեղի կունենա 2016 թ-ի օգոստոսի 1-7-ը Ստամբուլում: Ծրագրին կարող են մասնակցել ներկայումս մինչեւ 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչներ եւ մանկավարժական կրթությամբ ուսանողներ Հայաստանից եւ Թուրքիայից: Ծրագրին կարող են մասնակցել ընդհանուր թվով 36 մասնակից՝ յուրաքանչյուր երկրից 18  հոգի: 7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ  դասախոսություններ,  աշխատանքային քննարկումներ, կլոր սեղաններ, խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված  դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնելու մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնելու նրանց կարողությունները կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում:

 

Ծրագրին կարող են մասնակցել.  մինչեւ 5 տարի աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչներ, որոնք աշխատում են հանրակրթական դպրոցներում եւ ակտիվորեն ներգրավված են մասնագիտական աշխատանքում:  մանկավարժական կրթություն ստացող ուսանողները: Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են կազմակերպիչների կողմից: Ծրագրի ամբողջ ընթացքում կապահովվի հայերեն-թուրքերեն համաժամանակյա թարգմանություն: Այնուամենայնիվ, անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի առավելություն՝ խմբային աշխատանքներում հաղորդակցվելը դյուրին դարձնելու համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝  2016 թ-ի հունիսի 24-ը: Բոլոր դիմողները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչեւ հուլիսի 5-ը: 

 

Հայտերը կարող եք ուղարկել հետեւյալ էլ-հասցեով՝ [email protected] Նախորդ ամառային դպրոցների մասին տես http://www.yavasgamats.org/arm/ Ծրագրի հետ կապված մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին: Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59 Հեռախոս՝ 0322 4 22 68 [1] Թուրքերենում «յավաշ» նշանակում է «կամաց»:  Առաջին «Յավաշ-կամաց» դպրոցը տեղի է ունեցել 2005 թ-ին Թուրքիայի Անտակյա քաղաքում:   Ամառային դպրոցն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում: «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը կտեւի 2014 թ-ից մինչեւ 2017 թ-ը: Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը։

 

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն, հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։

 

 

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր