Եվրոպական միության նախաձեռնություն
Partners Project
Արվեստագետների և ճարտարապետների փոխհամագործակցություն
Որպես դրական զարգացում կարելի է նշել այն, որ վերջերս Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության տեղեկատվական կայքում հայկական աղբյուրները հիշատակվում են ավելի հաճախ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի կառավարության որոշմամբ հայկական մշակութային ժառանգության մաս կազմող պատմական վայրերի վերականգնումն իրականացվել է միայն թուրքական կողմի մասնակցությամբ` առանց հայ մասնագետների պաշտոնական և կանոնավոր ներգրավման: Ավելին, վերականգնված հուշարձաններն աշխարհին ներկայացվել են հիմնականում որպես «Անատոլիայի միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ» առանց դրանց հայկական ծագման որևէ հիշատակման:

 

Որպես դրական զարգացում կարելի է նշել այն, որ վերջերս Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության տեղեկատվական կայքում հայկական աղբյուրները հիշատակվում են ավելի հաճախ: Նշված դրական միտումն ամրապնդելու նպատակով` 2014 թվականի աշնանը ճարտարապետների, վերականգման մասնագետների, պատմաբանների, ազգագրագետների և արվեստի պատմաբանների մի խումբ Հայաստանից և Թուրքիայից ԵՀՀ-ի և Անադոլու Քյուլթյուրի աջակցությամբ գնահաման այց իրականցրեց Մուշ և մոտակա տարածքներ տեղի հայ մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու համար:

 

Փորձագետները վեց օր անցկացրեցին Մուշում, Վարդոյում, Նորաշենում և այլ վայրերում, ինչպեu նաև այցելեցին շուրջ քսան հայկական հուշարձաններ, այդ թվում` մենաստաններ, եկեղեցիներ (ինչպես գործող, այնպես էլ մզկիթների վերածված եկեղեցիներ), ամրոցներ, կամուրջներ, շատրվաններ, ջրաղացներ և բաղնիքներ: Նման ուսումնասիրություն անցկացնելու երկկողմ նախաձեռնությունն առաջինն էր հայ և թուրք մասնագետների համար: Ճանաչողական այցից հետո տեղի ունեցած ամփոփիչ ժողովի շրջանակներում փորձագետներն ընդգծեցին որոշ վայրերի պահպանման և հնարավոր վերականգնման համար առավել մանրամասն գնահատման զեկույցներ պատրաստելու և նման նախաձեռնությունները շարունակելու  անհրաժեշտությունը: Այս նախաձեռնության նշանակալի արդյունք դարձավ ոչ միայն փորձագետների միջև բացված մասնագիտական երկխոսությունը, այլև այն, որ խմբային աշխատանքը մեկ շաբաթում արագացված ընթացք հաղորդեց Հայաստան-Թուրքիա կարգավորման դինամիկային` ժողովրդական դիվանագիտության մակարդակով:

 

Հաշվի առնելով երկու երկրների միջև պաշտոնական հարաբերությունների շարունակաբար պահպանվող բացակայությունը` ԵՀՀ-ի և Անադոլու Քյուլթյուրի ներդրումը կարող է վճռորոշ դառնալ Հայաստանի և Թուրքիայի արվեստի և ճարտարապետության ոլորտի փորձագետների և համապատասխան այլ մասնագետների հանդիպումների և շփումների համար` էլ ավելի նպաստելով Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության (պատշաճ) վերականգնմանը:

 

ԵՀՀ-ն և Անադոլու Քյուլթյուրը կզբաղվեն այցելությունների կազմակերպման նյութատեխնիկական հարցերով և կկազմեն դրանց ծրագրերը Թուրքիայում` հնարավորություն ստեղծելով շահառուների հետ անցկացնել հանդիպումներ և քննարկումներ, ինչպեu նաև այցելել պատմամշակութային նշանակություն ունեցող մի շարք վայրեր: Փորձագետների համատեղ ուժերով կպատրաստվի գնահատման զեկույց, որում ամփոփ կներկայացնեն ուսումնասիրված հուշարձաններին սպառնացող ռիսկերը և դրանց վերականգնման հեռանկարները, և որը կհանձնվի համապատասխան իրավասու մարմիններին և այլ շահառուներին, այդ թվում` օտարերկրյա դեսպանություններին և միջազգային գործակալություններին (ԵՄ պատվիրակություններ, ԱՄՆ դեսպանություններ, Միացյալ Թագավորության դեսպանություններ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն և այլն):

 

Ներկայացված նախաձեռնությունն է՛լ ավելի կնպաստի Հայաստանի և Թուրքիայի արվեստի և ճարտարապետության ոլորտի փորձագետների միջև պաշտոնական և ոչ պաշտոնական շփումների խորացմանը` ստեղծելով ամուր հիմք Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վերականգնման համար: Նախաձեռնությունը նաև խթանելու է արվեստի և ճարտարապետության ոլորտի հայաստանցի փորձագետների և (կամ) այլ համապատասխան մասնագետների իրական ներգրավումը (պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով) Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վերականգնման գործում:

Օրացույց
Դեկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ