Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Ավարտվեց Երևան-Անկարա նախագծի վերջին՝ աքսելերացիոն դասընթացի փուլը
29.03.2016
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

«Երևան-Անկարա» նախագծի հիմնական փուլում ՏՀՏ ոլորտը ներկայացնող 20  ուսանող և երիտասարդ ձեռներեց Հայաստանից և Թուրքիայից մասնակցեցին Անկարայում տեղի ունեցած քառօրյա աքսելերացիոն դասընթացին:

 

Չորս ամիս տևողությամբ «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը մեկնարկել էր 2015թ.-ի հոկտեմբերին և ընթացել  երեք հիմնական փուլով՝ մասնակիցների ընտրություն, մեկամսյա առցանց մենթորային խորհրդատվություն, ինչպես նաև քառօրյա աքսելերացիոն դասընթաց Անկարայում և գաղափարների ներկայացում Երևանում:

 

Նախագծի առաջին փուլում (հոկտեմբեր-նոյեմբեր) բաց մրցույթի միջոցով ընտրվեց 12 մասնակից Հայաստանից և 8 Թուրքիայից՝ Անկարայում աքսելերացիոն ծրագրին մասնակցելու համար: Նախագծի նախապատրաստական փուլում հայաստանյան մասնակիցները հանդիպում ունեցան հայ-թուրքական հարաբերությունների գծով փորձագետներ Լուսինե Խառատյանի և Արտակ Այունցի հետ: Հանդիպումը նրանց հնարավորություն տվեց ծանոթանալ  ժամանակակից Թուրքիայի զարգացումներին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հաշտեցմանն ուղղված ջանքերին։

 

Այնուհետև դեկտեմբերի 7-ից հունվարի 22-ը հայաստանյան մասնակիցներն Անկարայի Viveka ինկուբացիոն կենտրոնի դասընթացավար Էմին Օկուտանի հետ առցանց հանդիպումների հնարավորություն ունեցան: Առցանց մենթորային խորհրդատվության նպատակն էր մասնակիցների կարիքների գնահատումը, նրանց բիզնես գաղափարների հետ ծանոթանալը և ըստ այդմ՝ քառօրյա աքսելերացիոն դասընթացի բովանդակության համապատասխանեցումը:

 

«Շատ օգտակար էր Էմինի հետ առցանց հանդիպումը։ Մենք քննարկեցինք իմ հավելվածը, որի ուղղությամբ աշխատում եմ, և Էմինը խոստացավ Անկարա այցելության ընթացքում հանդիպում կազմակերպել համանման գաղափար իրականացնող թուրքական կազմակերպության հետ», - նշում է «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծի մասնակիցներից Հարություն Հարությունյանը։

 

«Քննարկումն օգնեց հասկանալ, որ ամբողջությամբ ճիշտ ուղու վրա չենք, և մեր գաղափարը վերանայելու կարիք կա», - հավելում է Շուշան Ասպատուրյանը։

 

Հունվարի 31-ից–փետրվարի 4-ը 12 հոգուց բաղկացած խումբը մեկնեց Անկարա՝ մասնակցելու քառօրյա ինտենսիվ դասընթացին: Հայաստանից ժամանած մագիստրանտներին, երիտասարդ շրջանավարտներին և սկսնակ ձեռներեցներին Անկարայում  միացան նաև Թուրքիայի ՏՀՏ ոլորտի 8 երիտասարդ ներկայացուցիչ: Դասընթացի յուրաքանչյուր օրը նվիրված էր մեկ առանձին թեմայի, ինչպես օրինակ՝ Գաղափարի մշակում, Բիզնես մոդելի զարգացում, Ներդրողին գաղափարի ներկայացում, սթարթափ գաղափարների մարքեթինգ և այլն: Այն  մասնակիցներին հնարավորություն տվեց  խորացնել իրենց գիտելիքները և ձեռք բերել պրակտիկ հմտություններ՝ տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարական գաղափարների ձևավորման և իրականացման հիմնական փուլերի վերաբերյալ: Աքսելերացիոն դասընթացը վարեց Էմին Օկուտանը՝ իր հայաստանյան գործընկեր Նարինե Կոտիկյանի հետ միասին: Դասընթացի անցկացմանը օժանդակեցին «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի առաջին փուլի մասնակից Evreka (Թուրքիա)  թիմի ներկայացուցիչները:

 

«Դասընթացը շատ օգտակար էր, քանի որ հիմնված էր դասընթացավարների՝ սթարթափների հետ աշխատելու անձնական փորձի վրա», - կարևորեց Կարլեն Մանասերյանը։

 

Ծրագիրը ներառում էր նաև ճանաչողական այցեր ՏՀՏ գերազանցության կենտրոններ և կազմակերպություններ, այդ թվում՝ ODTÜ տեխնորպարկ,  ԱՏՈՄ խաղերի ինկուբատոր, Bilkent սայբերպարկ և այլն:

 

«Ինձ շատ տպավորեց համալսարանական համակարգը, որում գիտական հետազոտության և դասավանդման հետ մեկտեղ համդրված է ձեռնարկատիրությունը», - ընդգծեց Վահագն Հովհաննիսյանը։

 

Մասնակիցներից Նարինե Հովհաննիսյանը նախագծի ավարտին նշեց․«Հատկապես օգտակար եմ համարում գործող սթարթափերի ու ձեռներեցների վարպետաց դասերը, քանի որ, օրինակ՝ «Growth Tower»-ից Էմրե Ֆադըլըօղլուն կամ «Էվրեկա»-ից Ումուտ Դումանը, իրենք անձամբ ունեցել են հաջողություններ ու ձախողումներ: Լսում ես նրանց ու հասկանում, որ այդ վայրիվերումները բնական են: Պետք է միայն իմանալ՝ ինչպես չհանձնվել ու սխալներից դաս քաղել»:

 

Հատկանշական է, որ տեսական գիտելիքներից բացի մասնակիցները հանդիպումների և կապեր հաստատելու հնարավորություն ունեցան իրենց ոլորտը ներկայացնող Թուրքիայի գործընկերների հետ։ Ինչպես օրինակ՝ ԱՏՈՄ խաղերի ինկուբատորում Արթուր Կարոյանը քննարկում ունեցավ MildMania-ն ներկայացնող Բուրկեյ Օզդեմիրի հետ՝ Let’s Twist խաղի զարգացման հնարավորությունների և իրենց հետագա համագործակցության շուրջ, Հարություն Հարությունյանը այցելեց ճանապարհատրրանսպորտային կարգավորումների համար ծրագրային ապահովումների թողարկմամբ զբաղվող ISSD (Integrated Systems & Systems Design) կազմակերպություն՝ քննարկելու միևնույն հարցին ուղղված իր սթարթափ գաղափարը և այն Հայաստանում ներդնելու հնարավորությունները և այլն։

 

Նախագիծն ավարտվեց մարտի 25-ին Երևանում կայացած միջոցառմամբ, որի ընթացքում հայաստանյան մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց գաղափարները ներկայացնել հեղինակավոր ժյուրիին՝ կիրառելով դասընթացում սովորած հմտությունները: Ժյուրիի անդամներ Մարինա Մխիթարյանը՝ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի «Կոլբա Լաբ»-ի ղեկավար, Նարինե Կոտիկյանը՝ Մոնետիս, մարքեթինգի ղեկավար, Ջեմմա Իսրաելյանը՝ CEED Հայաստանի տնօրենը, Սամվել Մարտիրոսյանը՝ տեղեկատվության անվտանգության փորձագետ, գործադիր տնօրեն, Պավել Սնխչյան՝ Փոխնախագահ,  Sourcio,  իրենց դիտարկումներով և խորհուրդներով օգնեցին երիտասարդ ձեռներցներին բարելավել իրենց գաղափարը, ինչպես նաև այն ավելի լավ ներկայացնել:

 

Նախագիծն իրականացվեց Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի համագործակցությամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Enterprise Incubator Foundation-ը, Union of  IT Enterprises-ը և Bet Construct-ը աջակցեցին Հայաստանում նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքներին:

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» առաջին նախագծի (փետրվար-մայիս 2015) տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում 6 սթարթափ թիմ Հայսատանից և Թուրքիայից Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Հայաստան) մասնակցեցին աքսելերացիոն դասընթացի: Նախագիծը համաֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից:

 

Հանրային լրագրության ակումբ

Հանրային լրագրության ակումբը` ՀԼԱ-ն ստեղծվել է 2011-ի մարտին: Մենք` մի խումբ լրագրողներ ու լրագրության, սոցիալական մեդիայի սիրահարներ ենք եւ նոր տեխնոլոգիաների ու մեդիա ոլորտների համագործակցության ջատագովներ: ՀԼԱ  առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով: Վերջին 3 տարիների ընթացքում ՀԼԱ-ին հաջողվել է ձևավորել ոլորտի առաջատարի համբավ` հաջողությամբ իրականացնելով մի քանի նորարար ու համարձակ նախագծեր, այդ թվում է mynews.am հանրային թղթակցության հարթակը եւ ՀԼԱ կողմից Հայաստանում նախաձեռնած Հեքըթոն{ՅԱՆ} նորար գաղափարների մրցույթը:

 

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)

 

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր