Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
10 խոստումնալից սթարթափ գաղափար, որոնք կարող են փոխել հայկական ՏՏ միջավայրը
30.03.2016
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

ՏՏ ոլորտի մի խումբ երիտասարդ ներկայացուցիչներ ծրագրում են տեխնոլոգիական միջոցներով, մոբայլ հավելվածներով լուծում տալ ամենաբազմազան հարցերի. բնակարանի վերանորոգումից մինչ ֆինանսական տեղեկատվության տրամադրում, մեքենաների կայանման նոր մոտեցումից խաղային հավելվածներով միջազգային շուկայի գրավում և այլն: Եվ այս ամենը պարզապես գաղափարներ չեն:

 

Մարտի 25-ին Թուֆենկյան հյուրանոցի սրահներից մեկում «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծի 10 հայաստանցի երիտասարդ հնարավորություն ունեցավ հեղինակավոր ժյուրիին և բոլոր հետաքրքրված անձնաց ներկայացնելու իրենց սթարթափ գաղափարները, արդեն իսկ ձեռք բերած հաջողությունները, դրանց իրականացմանը կամ առաջխաղացմանն ուղղված անելիքները:

 

Ոլորտի հեղինակավոր մասնագետներից բաղկացած ժյուրին տպավորված էր երիտասարդների ոգևորությամբ և ստեղծարարությամբ: Հարցերի և կարծիքների օգնությամբ երիտասարդներին ուղղորդելը, գաղափարների բարելավմանն ուղղված խորհուրդների տրամադրումը միջոցառման գլխավոր նպատակներից մեկն էր:

 

Ներկայացված հետաքրքրական սթարթափ գաղափարներին և վերջիններիս հեղինակներին առաջարկում ենք ծանոթանալ մեկ առ մեկ:

 

  • Տիգրան Գևորգյան. «Dare Me» խաղի ծրագրավորում, ինչը հայտնի «Truth or Dare» (Անկեղծություն կամ համարձակություն) խաղի հեռախոսային տարբերակն է,
  • Արբակ Մարտիրոսյան և Սարգիս Սարգսյան. «Կորիզ խաղ»-ի ծրագրավորում 3D միջավայրում,
  • Արթուր Կարոյան. «Cubway» անվանմամբ հեռախոսների համար նախատեսված խաղի ծրագրավորում, ինչը պետք է ունենա 55 խաղային մակարդակ,
  • Նարինե Հովհաննիսյան. հեռախոսային հավելված՝ զբոսաշրջությունը զարգացնելու համար՝ «Beacon» տեխնոլոգիայի կիրառմամբ,
  • Մարգարիտ Մարգարյան. միավորված վիրտուալ հարթակի ստեղծում, ինչը կպարունակի բանկերի, ֆինանսական այլ կառույցների վերաբերյալ ֆինանսական տեղեկատվություն,
  • Հարություն Հարությունյան. հեռախոսային հավելվածի ստեղծում, ինչը վարորդներին հնարավորություն կտա գտնել իրենց մեքենաները կայանելու ամենամոտիկ վայրը,
  • Շուշան Ասպատուրյան. «մոտիվացիոն»  հեռախոսային հավելվածի ստեղծում, ինչը հնարավորություն կտա օգտատերերին տարբեր նպատակներ դնել իրենց առջև և հեռախոսային հավելվածի օգնությամբ հասնել դրանց,
  • Գեղամ Ջիվանյան. «Skycryptor» ծրագրի ստեղծում, ինչը հնարավորություն կտա կոդավորել օգտատերերի տեղեկատվությունը Cloud-ում՝ ապահովելով, որ օգտատերերի տվյալները անվտանգ լինեն,
  • Վահագն Հովհաննիսյան. «Home planning», ինչը հնարավորություն կտա իրենց տունը վերանորոգող մարդկանց կապել տունը վերանորոգող մասնագետների հետ:

Ներկայացված գաղափարներին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել միջոցառման տեսագրությունը:

 

Մասնակիցների ելույթներին առցանց ռեժիմով հետևում և պարբերաբար տեսակապով միանում էր Էմին Օկուտանը, ով Թուրքիայում գործող «Վիվեկա» կազմակերպության համահիմնադիրն է: Էմին Օկուտանը նախագծի 4 ամիսների ընթացքում աշխատել է երիտասարդ սթարթափերների հետ և այժմ դրական գնահատեց մասնակիցների գրանցած աճը և կիսվեց խորհուրդներով, թե ինչպես դրանք էլ ավելի մրցունակ դարձնել:

 

Միջոցառմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը, ով ընդգծեց, որ դեսպանատունը հպարտ է նման նախագիծ ֆինանսավորելու համար և մեծապես ողջունում է երիտասարդ մասնակիցների նորարար գաղափարները և ձեռներեցության խթանումը Հայաստանում:

 

Սթարթափ գաղափարների հեղինակները մեծապես կարևորեցին «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. «Երևան-Անկարա» նախագծին իրենց մասնակցությունը՝ նշելով, որ շատ գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերել իրենց բիզնես գաղափարները մշակելիս: 

 

«Մասնակցությունս նախագծին շատ արդյունավետ էր խաղերի ծրագրավորման և դիզայնի տեսանկյունից: Թեև բավականին լավ փորձ ունեի իմ մասնագիտական ոլորտում, նախկինում կարևորություն չէի տալիս, թե մեր օգտատերերն ովքեր են: Նախագծին մասնակցելուց հետո սկսեցի ուշադրություն դարձնել, թե ովքեր են մեր օգտատերերը և ինչ կարիքներ ու նախընտրություններ ունեն», -ասաց նախագծի մասնակիցներից Արբակ Մարտիրոսյանը:

 

«Մասնագիտական առումով նախագիծն ինձ հնարավորություն տվեց միջազգային փորձագետների հետ շփվել, իրենցից շատ բան սովորել: Ամենակարևորը՝ հասկացա, թե ինչպես սթարթափ գաղափարները կարելի է քայլ առ քայլ իրականություն դարձնել և հասնել հաջողության»,-ավելացրեց Նախագծի մասնակիցներից Նարինե Հովհաննիսյանը:

 

Մասնակիցները նշեցին նաև ՏՏ ոլորտի մասնագետներին համապատասխան գիտելիքներով և կրթությամբ ապահովելու կարևորությունը, ինչը խթան կհանդիսանա բազմաթիվ նորարար նախաձեռնությունների.

 

«Ես հնարավորություն ունեցա նոր մարդկանց հետ շփվել, դիտողություններ լսել իմ սթարթափ գաղափարների վերաբերյալ: Թուրքիայում հիացած էի, թե ինչպես է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հովանավորվում պետական քաղաքականության կողմից: Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գլխավոր խնդիրն այն է, որ այն ինքնաբերաբար է զարգանում. չկան որակյալ ուսումնական հաստատություններ, իսկ լինելու պարագայում էլ կրթության որակը շատ ցածր է: Ոլորտը հիմնականում կախված է անհատ ծրագրավորողների սեփական նախաձեռնություններից,-ասաց նախագծի մեկ այլ մասնակից Գեղամ Ջիվանյանը:

 

Խորհրդանշական է, որ միջոցառմանը ներկա էին նաև ՀԼԱ-ի կողմից նախկինում իրականացված ՏՏ ուղղվածությամբ այլ նախագծերի մասնակիցներ:

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը Հանրային լրագրության ակումբի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի նախաձեռնած «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» առաջին նախագծի (փետրվար-մայիս 2015) տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում 6 սթարթափ թիմ Հայսատանից և Թուրքիայից Երևանում մասնակցեցին աքսելերացիոն դասընթացի: Նախագիծը համաֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից:

 

 

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր