ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
«Մարդկանց մոլորակ» շարժման և Ջագ-Բամբիռի համագործակցության արդյունքում ծնված «Կապույտ գնդակ» խորագրով ցուցահանդեսն ու համերգը այս ծրագրի շրջանակներում նախատեսված միջացառումներից առաջինն է, որ անցկացվելու է Բուրսայում և Ստամբուլում՝ Գյումրիի Gallery 25-ի և Բուրսայի Նիլուֆերի քաղաքապետարանի հետ համատեղ:
Բուրսայում Մարդկանց մոլորակ շարժման «Կապույտ գնդակ» ցուցահանդեսը տեղի կունենա ապրիլի 11-30, 2017թ. Նազիմ Հիքմեթ մշակույթի կենտրոնում (Նիլուֆեր):
«Մարդկանց մոլորակ» մշակութային ու հասարակական շարժումը հիմնվել է Գյումրիում Արմեն Տեր-Մկրտչյանի և Գևորգ Սարգսյանի կողմից: Շարժման հիմնական գաղափարախոսությունը ամփոփված է «Աշխարհի միակ շքեղությունը մարդկային շփման շքեղությունն է» արտահայտությամբ, որը վերցվել է Էքզյուպերիի «Մարդկանց մոլորակ» պատմվածքից: Սերտորեն համագործակցելով Gallery 25-ի հետ, շարժումը իրականացնում է համերգներ, ցուցահանդեսներ, պերֆորմանսներ և ուսումնասիրություններ: «Կապույտ գնդակ» ցուցահանդեսին ներկայացված են Վազգեն Փահլավունի Թադևոսյանի, Վահան Թոփչյանի, Աղավնի Ղազարյանի, Էդ Թադևոսյանի, Լևոն Ֆլջյանի, Արմեն Տեր-Մկրտչյանի, Գևորգ Սարգսյանի, Հրաչ Վարդանյանի, Կարեն Բարսեղյանի, Գոհար Մարտիրոսյանի և Գագիկ Ղազարեի գործերը:
Բամբիռ ռոք խումբը հիմնվել է Գյումրիում 1978 թ. Գագիկ «Ջագ» Բարսեղյանի կողմից: Բամբիռը երաժշտական խումբ է, մտքի դպրոց, մոտեցում, որտեղ չորս տասնամյակներ շարունակ խաչվել են ավելի քան 50 երաժիշտների ճանապարհներ: Լինելով Սովետական Միության լավագույն ռոք խմբերից մեկը՝ Բամբիռը հիմնականում կատարել է ավանդական հայկական երաժշտություն, ներկայացրել Կոմիտասի ու միջնադարյան հայկակական ժողովրդական ստեղծագործությունները՝ ժամանակակից մեկնաբանությամբ: Ջագ Բարսեղյանը ձայնագրում է սոլո և խմբակային ալբոմներ, ինչպես նաև ելույթ ունենում Բամբիռի անդամների և այլ երաժիշտների հետ միասին:
«Կապույտ գնդակ»-ը Ջագ Բարսեղյանի ստեղծագործությունն է, այն գոերգ է՝ նվիրված կապույտ մոլորակին՝ երկրագնդին: Երգը միավորում է երկրագնդի մարդկանց, ովքեր պատասխանատու են մոլորակի համար: Երգը՝ միաձուլվելով Մարդկանց մոլորակի գաղափարախոսությանը՝ սկիզբ է դրել «Կապույտ գնդակ» կոնցեպտին, որտեղ երաժշտության, նկարչության, լուսանկարչության ու վիդեո արվեստի միջոցով արծարծվում են մարդկային հիշողությանը, ինքնությանը, տարածքին ու հայրենիքին առնչվող հիմնահարցեր:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |