ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Սեպտեմբերի 1-ին (2014) Երևանում մեկնարկեց «Միատեսակ խնդիրներ՝ միատեսակ լուծումներ. Հայաստանի և Թուրքիայի երիտասարդները նախաձեռնում են բնակարանային խնդրի նոր լուծումներ Թուրքիայի Վան քաղաքում երկրաշարժից տուժած ընտանիքների համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է երկխոսության միջոցով խթանել Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ մասնագետների համագործակցությունը՝ ներկայացնելով երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրների այլընտրանքային լուծման առաջարկներ:
Մասնագիտական քննարկման նպատակը
«Միատեսակ խնդիրներ՝ միատեսակ լուծումներ» ծրագրի շրջանակներում նախատեսված Թուրքիայի գործընկերների այցը Հայաստան ուղեկցվեց գործընկերների միջև մասնագիտական քննարկմամբ և երկրաշարժի գոտի այցելությամբ: Նոյեմբերի 10-ի և 11-ի մասնագիտական քննարկումները, ինչպես նաև Գյումրի այցելությունը հնարավորություն ընձեռեց հայ մասնագետներին ներկայացնելու Թուրքիայի գործընկերներին բնակարանային խնդիրների լուծման ԲԳՎ և ԲՎԴ (քաղաքային և գյուղական համայնքների) մոդելները և իրականացման մեխանիզմները Հայաստանում և Վրաստանում, կառավարությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու և ԲԳՎ մոդելը փոխանցելու մեխանիզմը, ինչպես նաև հայ մասնակիցներին հնարավորություն տվեց տեղեկանալու Թուրքիայում երկրաշարժի գոտու ներկա իրավիճակի, խնդիրների և լուծումների մասին:
Երկրորդ փուլ
Ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է պատասխան այց Թուրքիա, իսկ մինչ այդ տպագրության կպատրաստվի համապատասխան ձեռնարկ, որում կներկայացվի դաշտում առկա խնդիրների լուծման հայաստանյան փորձը, և հնարավորություն կտա Թուրքիայի գործընկերներին դիտարկել իրենց մոտ հայաստանյան մոդելի ներդրման հեռանկարները: Պատասխան այցի շրջանակներում նախատեսված են մասնագիտական քննարկումներ, ուսանողների հետ հանդիպումներ, այցելություն երկրաշարժից տուժած գոտի և այլն:
Գործընկերներ, մասնակիցներ
Մասնագիտական քննարկմանը մասնակցեցին՝ Թուրքիայի գործընկերները, ԲԳՎ ծրագրի փորձագետները, 2000-2005թթ.-երի ԲԳՎ ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ կառավարության գործընկեր ներկայացուցիչները, ճարտարապետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ:
Նախապատմություն
Երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման այլընտրանքային մոտեցումները առաջարկվել և կիրառվել են ներկա ծրագրի փորձագիտական թիմի կողմից 2000-2005թթ.-ի ընթացքում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ իրականացված լայնածավալ ծրագրի շրջանակներում առկա բնակարանային շուկայից Բնակարանի գնման վկայագրերով (ԲԳՎ) բնակարան ձեռք բերելու միջոցով: Կիրառված մյուս մոտեցումներն են՝ բազմաբնակարան շենքերի վերանորոգման և գյուղական համայնքների բնակելի տների վերանորոգման դրամաշնորհները (ԲՎԴ):
Բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) մոդելը նաև կիրառվել է 1990-ականներին Մերձբալթյան հանրապետությունների տարածքներից վերադարձող ռուսական զինվորական սպայական կազմի ընտանիքներին, իսկ 2005-2006թթ.-ին` Վրաստանում Աբխազիայից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով:
Կոնտակտներ
Նունե Ղազախեցյան, ծրագրի ղեկավար
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
Ալեք Մանուկյան 9 (Ամերիկյան համալսարանի բիզնես կետրոն)
Հեռ: +374 60 612072
Ֆաքս: +374 60 612076
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |