

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
ՏՏ ոլորտի մի խումբ երիտասարդ ներկայացուցիչներ ծրագրում են տեխնոլոգիական միջոցներով, մոբայլ հավելվածներով լուծում տալ ամենաբազմազան հարցերի. բնակարանի վերանորոգումից մինչ ֆինանսական տեղեկատվության տրամադրում, մեքենաների կայանման նոր մոտեցումից խաղային հավելվածներով միջազգային շուկայի գրավում և այլն: Եվ այս ամենը պարզապես գաղափարներ չեն:
Մարտի 25-ին Թուֆենկյան հյուրանոցի սրահներից մեկում «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծի 10 հայաստանցի երիտասարդ հնարավորություն ունեցավ հեղինակավոր ժյուրիին և բոլոր հետաքրքրված անձնաց ներկայացնելու իրենց սթարթափ գաղափարները, արդեն իսկ ձեռք բերած հաջողությունները, դրանց իրականացմանը կամ առաջխաղացմանն ուղղված անելիքները:
Ոլորտի հեղինակավոր մասնագետներից բաղկացած ժյուրին տպավորված էր երիտասարդների ոգևորությամբ և ստեղծարարությամբ: Հարցերի և կարծիքների օգնությամբ երիտասարդներին ուղղորդելը, գաղափարների բարելավմանն ուղղված խորհուրդների տրամադրումը միջոցառման գլխավոր նպատակներից մեկն էր:
Ներկայացված հետաքրքրական սթարթափ գաղափարներին և վերջիններիս հեղինակներին առաջարկում ենք ծանոթանալ մեկ առ մեկ:
Ներկայացված գաղափարներին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել միջոցառման տեսագրությունը:
Մասնակիցների ելույթներին առցանց ռեժիմով հետևում և պարբերաբար տեսակապով միանում էր Էմին Օկուտանը, ով Թուրքիայում գործող «Վիվեկա» կազմակերպության համահիմնադիրն է: Էմին Օկուտանը նախագծի 4 ամիսների ընթացքում աշխատել է երիտասարդ սթարթափերների հետ և այժմ դրական գնահատեց մասնակիցների գրանցած աճը և կիսվեց խորհուրդներով, թե ինչպես դրանք էլ ավելի մրցունակ դարձնել:
Միջոցառմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը, ով ընդգծեց, որ դեսպանատունը հպարտ է նման նախագիծ ֆինանսավորելու համար և մեծապես ողջունում է երիտասարդ մասնակիցների նորարար գաղափարները և ձեռներեցության խթանումը Հայաստանում:
Սթարթափ գաղափարների հեղինակները մեծապես կարևորեցին «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. «Երևան-Անկարա» նախագծին իրենց մասնակցությունը՝ նշելով, որ շատ գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերել իրենց բիզնես գաղափարները մշակելիս:
«Մասնակցությունս նախագծին շատ արդյունավետ էր խաղերի ծրագրավորման և դիզայնի տեսանկյունից: Թեև բավականին լավ փորձ ունեի իմ մասնագիտական ոլորտում, նախկինում կարևորություն չէի տալիս, թե մեր օգտատերերն ովքեր են: Նախագծին մասնակցելուց հետո սկսեցի ուշադրություն դարձնել, թե ովքեր են մեր օգտատերերը և ինչ կարիքներ ու նախընտրություններ ունեն», -ասաց նախագծի մասնակիցներից Արբակ Մարտիրոսյանը:
«Մասնագիտական առումով նախագիծն ինձ հնարավորություն տվեց միջազգային փորձագետների հետ շփվել, իրենցից շատ բան սովորել: Ամենակարևորը՝ հասկացա, թե ինչպես սթարթափ գաղափարները կարելի է քայլ առ քայլ իրականություն դարձնել և հասնել հաջողության»,-ավելացրեց Նախագծի մասնակիցներից Նարինե Հովհաննիսյանը:
Մասնակիցները նշեցին նաև ՏՏ ոլորտի մասնագետներին համապատասխան գիտելիքներով և կրթությամբ ապահովելու կարևորությունը, ինչը խթան կհանդիսանա բազմաթիվ նորարար նախաձեռնությունների.
«Ես հնարավորություն ունեցա նոր մարդկանց հետ շփվել, դիտողություններ լսել իմ սթարթափ գաղափարների վերաբերյալ: Թուրքիայում հիացած էի, թե ինչպես է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հովանավորվում պետական քաղաքականության կողմից: Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գլխավոր խնդիրն այն է, որ այն ինքնաբերաբար է զարգանում. չկան որակյալ ուսումնական հաստատություններ, իսկ լինելու պարագայում էլ կրթության որակը շատ ցածր է: Ոլորտը հիմնականում կախված է անհատ ծրագրավորողների սեփական նախաձեռնություններից,-ասաց նախագծի մեկ այլ մասնակից Գեղամ Ջիվանյանը:
Խորհրդանշական է, որ միջոցառմանը ներկա էին նաև ՀԼԱ-ի կողմից նախկինում իրականացված ՏՏ ուղղվածությամբ այլ նախագծերի մասնակիցներ:
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը Հանրային լրագրության ակումբի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի նախաձեռնած «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» առաջին նախագծի (փետրվար-մայիս 2015) տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում 6 սթարթափ թիմ Հայսատանից և Թուրքիայից Երևանում մասնակցեցին աքսելերացիոն դասընթացի: Նախագիծը համաֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |